Փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց Covid-19»-ի բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում, փոխանցում է «Վեդոմոստին»:
«Թույլատրել օդային ճանապարով մուտքը ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին 2021-ի փետրվարի 1-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետությունից ու Բելառուսի Հանրապետությունից՝ «Ճանապարհորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածում նրանց կողմից ներկայացված հետազոտության բացասական պատասխանի պարագայում»,- ասվում է որոշման մեջ։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած փաստաթղթում ներկայացված է նաև օդանավակայանների ցանկը, որտեղ կարելի է ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը։
Դրանց թվում են Անապայի, Վլադիկովկասի, Գրոզնիի, Եկատերինբուրգի, մերձմոսկովյան «Ժուկովսկի» և «Չկալովսկի» օդանավակայանները, Կազանի, Կալինինգրադի, Կրասնոդարի, Կրասնոյարսկի, մոսկովյան «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» օդանավակայանները։ Թեստի բացասական արդյունք կարելի է ներկայացնել նաև Նիժնեկամսկի, Նովոսիբիրսկի, Դոնի Ռոստովի, Սանկտ Պետերբուրգի, Սոչիի և Ուֆայի օդանավակայաններում։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվել է 2020-իի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բացառություն էին միային քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։ Ավելի վաղ՝ հունվարի 21-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր ՀՀ և ՌԴ միջև մուտքի ու ելքի փոխադարձ սահմանափակումները կվերացվեն։