Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իրեն նվեր տրված Bentley-ն վաճառել է և նվիրել է կարիքավորներին, հայտարարել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխանցում է Factor.am-ը:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Կաթողիկոսը պատասխանել է եկեղեցականների՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու, պարբերաբար հնչող այլ մեղադրանքներին:
«Նավասարդ սրբազանը ստացել է նվեր Bentley ավտոմեքենա։ Այդ մեքենան ինքը վաճառել ու նվիրել է կարիքավորներին։ Շահարկել նման երևույթները չեմ կարծում, որ ճիշտ է։ Ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ եկեղեցականներն այսօր կարիքավորի աստիճանի իրենց առաքելությունն են իրականացնում անտրտունջ կերպով։ Ծանոթացեք մեր եկեղեցականների կյանքին և գործունեությանը, բարվոք վիճակում ապրող 1-2 եկեղեցական կա»,- ասել է Վեհափառը:
Կաթողիկոսն անդրադարձել է նաև եկեղեցականների` «աշխարհիկ հաճույքներից օգտվելու», օրինակ՝ սրճարան գնալուն մասին հարցին:
«Պարզ հաճույքները բնական են, որ պետք է եկեղեցականը գնա քեզ հետ նստի սրճարան, զրուցի։ Պետք չէ սա դիտարկել շեղում իր առաքելությունից: Եթե այդ աշխարհիկ հաճույքները հարվածում են այդ եկեղեցականի կամ եկեղեցու վարքին, ուրեմն դա արժանանում է համարժեք գնահատանքի եկեղեցու իշխանության կողմից, եկեղեցին վերաբերմունք է դրսևորում և խիստ վերաբերմունք նման երևույթների նկատմամբ»,- նշել է նա:
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ Bentley նվեր ստանալու մասին քննարկումները սկսվել են 2011-ից: 2013-ին մամուլը գրում էր մեքենայի վաճառքի մասին: