$10,000-ի դրամաշնորհ Մատենադարանին՝ «Ավրորայից»![]() 2 փետրվարի 2021 - 12:39 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 10,000 դոլարի դրամաշնորհ է հատկացրել Մատենադարանին` «Թվային Մատենադարան» ծրագրի շրջանակում: Նպատակն է առցանց հարթակում ներկայացնել Մատենադարանի հիմնական ցուցասրահը, ինչն էլ հնարավորություն կընձեռի իրականացնելու «վիրտուալ ճանապարհորդություն» դեպի հայերեն ձեռագրերի՝ աշխարհի ամենահարուստ և եզակի թանգարաններից մեկի կենտրոնական սրահ: Որպես Մատենադարանի կայքի առանձին բաժին՝ «Թվային Մատենադարանը» կլինի տեքստային և աուդիո տեղեկատվական բացատրություններով ուղեկցվող վիրտուալ ցուցադրություն: Այն հնարավորություն կտա այցելուներին շրջել և առցանց տիրույթում տեսնել 100-ից ավելի ձեռագրական գանձեր, այդ թվում՝ հայ մանրանկարչության բացառիկ նմուշներ: Այդպես այցելուները ոչ միայն ամբողջական պատկերացում կկազմեն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող ձեռագրական հավաքածուների մասին, այլև կկարողանան թվային տարբերակով դիտել առանձին ձեռագրերի էջեր և նույնիսկ խոշորացնելու միջոցով «զննել» մանրանկարները: «Թվային Մատենադարան» նախագծի շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններից այցելուները հնարավորություն կունենան վիրտուալ այցելելու Մատենադարան և մի քանի լեզվով բացատրական բովանդակալից տեղեկություններ ստանալու ցուցանմուշների մասին՝ հայկական միջնադարյան երաժշտության ուղեկցությամբ: Սա «Ավրորայի» հինգերորդ դրամաշնորհն է Մատենադարանին, որը հատկացվում է «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրի և Armenian Memory Act նախագծի շրջանակում: «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել իրենց նախնիներին փրկողներին։ Դեռևս 2015-ի դրամաշնորհով «Ավրորան» հնարավորություն տվեց Մատենադարանին ձեռք բերելու ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում. այդ սարքով մինչեւ օրս թվայնացվել են ավելի քանի 4324 միավոր ձեռագրեր, արխիվային նյութեր և հնատիպ գրքեր: 2016 թ. դրամաշնորհով տասը գիդ- էքսկուրսավարներ վերապատրաստվեցին Գերմանիայում: Իսկ 2017-20 թթ. «Ավրորան» օգնել է Մատենադարանին կազմակերպելու 50-ից ավելի դասախոսություններ գիտնականների և հետազոտողների համար, ինչպես նաև ստեղծելու հայ գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզ՝ օժանդակելով գիտահետազոտական ինստիտուտի կրթական եւ ակադեմիական այլ ծրագրերին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |