Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Չեխիայում ՀՀ դեսպանությունը։
Հրադադարի հաստատումը ողջունող բանաձևում միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ, և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։
Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։
Հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կոնկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։