Փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Քննությամբ պարզվել է, որ այդ անձինք ներկայացել են որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական։ Գումարը հափշտակվել է փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով կեղծ վճարային փաստաթղթեր տրամադրելու և սեփականության կեղծ վկայականներ ներկայացնելու եղանակով։
Մասնավորապես՝ իրենց մտադրությունն իրագործելու նպատակով նրանցից մեկը ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից՝ վստահեցնելով ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա ընկերոջ միջոցով Երևանում բնակարանների հատկացում կատարելու հնարավորությունների մասին և համապատասխան վճարումներ կատարելու, կեղծ վճարային փաստաթղթեր, սեփականաշնորհման վկայականներ կազմելու, տրամադրելու պատրվակով նրանցից պահանջել 6,000,000, 3,000,000, 4,475,000 դրամ և 1000 դոլար գումար։
Նշված անձանցից, որպես կանխավճար, սկզբում ստացել են տարբեր չափերի գումարներ, այնուհետև՝ համապատասխան վճարումները կատարելու պատրվակով ստացել են նաև պահանջված գումարների մյուս մասը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով (պատժվում է 4-8 տարի ազատազրկմամբ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ), 34-178-րդ հոդվածի (խարդախության փորձ) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով (2 դրվագ) (պատժվում է 1-5 տարի ազատազրկմամբ),: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Հանցավոր խմբի մյուս անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:
Նախաքննությունը շարունակվում է: