ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Yerevan Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին Ազգային ժողովում հավատարմագրելու մերժման որոշումը անհրաժեշտ է վերանայել։
«Արձանագրել ենք, որ բազմիցս պատգամավորների կողմից խախտվել է լրագրողի՝ նախատեսված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ վերջինիս արժանացնելով կոպիտ վերաբերմունքի, զրպարտելով, խլելով աշխատանքային գործիքը՝ միկրոֆոնը, որը դիտվում է որպես մասնագիտական աշխատանքի խոչընդոտում։ Անհրաժեշտ է հավելել, որ լրագրողի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ընկած է խտրական մոտեցում՝ ելնելով նրա ներկայացրած լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունից, որը ևս լրագրողի իրավունքի խախտում է»,-ասվում է գրառման մեջ։
Պատգամավորը տեղեկացրել է, որ գրավոր դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի ներկայացվեին այն հիմնավորումները, թե ինչու է մերժվել լրագրողի հավատարմագրումը, որին ի պատասխան իրեն հայտնել են, որ լրագրողը խախտել է Ազգային ժողովի խորհրդի որոշման (2017թ. դեկտեմբերի 27, Երևան, ԱԺԽՈ - 044-L) 22-րդ կետի պահանջները, որը ներկայացնում է լրագրողի պարտավորությունները։
«Համաձայն վերոհիշյալ որոշման՝ լրագրողի կողմից՝ իր պարտավորությունների խախտումը հիմք չի կարող լինել լրագրողի հավատարմագրումը մերժելու համար, քանզի մերժման հիմքերը հստակ թվարկված են սույն որոշման մեջ և դրանք հետևալն են․ լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե՝
1) դիմումը ներկայացվել է հավատարմագրման համար սահմանված ժամկետից հետո
2) լրատվական գործունեություն իրականացնողը չի բավարարում սույն կարգի 8-րդ կետի պահանջները
3) առկա է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը
4) առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը (1) լրագրողը մահացել է, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է մահացած, անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) լրագրողի նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ)»,-ասվում է գրառման մեջ։
Նշում է նաև, որ Ազգային ժողովի խորհրդի վերոնշյալ որոշման համաձայն լրագրողն ունի ոչ միայն պարտավորություններ, այլև իրավունքներ, որոնք ամրագրված են 21-րդ հոդվածով, այն է՝ հավատարմագրված լրագրողն իրավունք ունի՝
1) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվություն
2) նախապես տեղեկացված լինելու Ազգային ժողովի միջոցառումների անցկացման մասին, մասնակցելու այդ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի
3) հավատարմագրված այլ լրագրողների հետ ազատորեն, առանց որևէ խտրականության օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից
4) օգտվելու լրագրողների համար օրենքով սահմանված այլ իրավունքներից:
Yerevan Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին ԱԺ-ում հավատարմագրումից զրկել են հունվարի 13-ին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ վիճաբանությունից հետո։ Իսկ հունվարի 26-ին արգելվել է նրա մուտքն Ազգային ժողով, թեև նա հարցազրույցի համար պայմանավորվածություն է ունեցել ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հետ և ստացել է անցաթուղթ։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ Yerevan Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին Ազգային ժողովի հավատարմագրումից զրկելու որոշումը վիճահարույց են համարել։