Փետրվարի 15-ին՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր:
Մանուկյանը փետրվարի 12-ին Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հրապարակը դարձնելու են շարժման շտաբը։
«Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն»,-ասել էր նա։
Ավելի վաղ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ փետրվարի 20-ին իրենք սկսելու են հանրահավաքները։ Փետրվարի 12-ի հանրահավաքում Մանուկյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է նախաձեռնելու շարժումը, եթե մինչև 2023 թ․ չլինեն ընտրություններ, ասել է․ «Մինչև 2023 թիվը, Աստված գիտի` Հայաստանը կլինի՞, թե չի լինի»:
Մանուկյանը հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկություն-նախաձեռնություն ընտրություններին իրենք առանձնակի նշանակություն չեն էլ տվել, քանի որ ի սկզբանե էլ պարզ չէր`«դա խորամանկությո՞ւն է, անելո՞ւ է, չի՞ անելու. ինքն էլ հետ նահանջեց իր ասածից»: Ընդդիմության նախագիծը դրանից չի փոխվել, մնացել է նույնը` համաժողովրդական շարժումով նրան փոխել: