Մարզերից պատերազմին մասնակցած կամավորներն ու զինծառայողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության մոտ՝ նրանց զինգրքույկները կամ չեն վերադարձրել դեռ, կամ էլ այնտեղ նշված չէ, որ մասնակցել են մարտական գործողությունների։
Նոր Հաճնի բնակիչ Վահրամ Խաչատրյանը հայտնել է, որ Եղվարդի զինկոմիսարիատով գնացել է ԼՂ և մասնակցել մարտական գործողություններին հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 18-ը, գրում է Sputnik Արմենիան։
«Մարտունիում եմ եղել ես, և արդեն երեք ամիս է, ինչ ավարտվել է պատերազմը, սակայն ոչ իմ զինգրքույկն են վերադարձրել, ոչ էլ որևէ թուղթ են տվել, որ պատերազմի մասնակից եմ։ Իմացել ենք, որ աշխատավարձի կարգով մեզ ինչ-որ գումար է հասնում, սակայն մինչ օրս դա էլ չենք ստացել»,– ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով` զինկոմիսարիատում դիմում են գրել, իրենց վստահեցրել են` դիմումները Պաշտպանության բանակի հրամանատարին են ուղարկել։ Խաչատրյանը հայտնել է նաև, որ երբ վերադարձել է պատերազմից, տեսողության խնդիր է ունեցել, և չնայած բուժումն անվճար է եղել, սակայն բավական գումար է ծախսել դեղորայքի վրա։
Մեկ ուրիշ տղամարդ էլ ասել է որ իր զինգրքույկը վերադարձրել են, սակայն այնտեղ նշված չէ, որ մասնակցել է կռվին։
Ավելի ուշ բողոքի ակցիա անողները զրուցեցին ՊՆ ներկայացուցիչների հետ։ Վահրամ Խաչատրյանը հայտնեց` իրենց ասել են, որ պետք է այդ հարցով դիմեն կենտրոնական զինկոմիսարիատ։
44 օրյա պատերազմից հետո Արցախը տարածքային կորուստներ է ունեցել, Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայի միջամտությամբ պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարություն են արել ու տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթուղթ ստորագրել: Հայ ռազմագերիների վերադարձի հարցը, որը պատերազմի դադարեցման հայտարարության կետերից մեկն էր, դեռ լիարժեքորեն չի կատարվել: