15 փետրվարի 2021 - 16:18 AMT
Արցախում այս պահին 105-110,000 մարդ է բնակվում

Արցախի նախագահի աշխատակազմի հաշվարկով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի: Այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, տեղեկացնում է Արցախպրես-Արմենպրեսը։

«Մեր հաշվարկներով` այս պահին Արցախում է բնակվում 105-110 հազար արցախցի, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում է գտնվում մոտ 35-40 հազար արցախցի, որոնց ճնշող մեծամասնությունը տեղահանված անձինք են: Նրանց մի մասը` գուցե 10 հազարից ոչ ավելին, անօթևան չմնացած անձինք են, որոնք իրենց անհատական որոշումն են կայացրել, որ չեն վերադառնում տուն»,- ասել է Բեգլարյանը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անօթևան մնացած և Արցախում պետական աջակցությամբ տարբեր կացարաններում տեղավորված անձինք մոտ 10,000 են:

«Արցախում տեղավորված անձինք մոտ 10,000 են, որոնք տեղավորված են պետական կենտրոնացված կազմակերպման շինություններում` հյուրանոցներ, հյուրատներ, վարձակալությամբ են բնակվում պետական աջակցությամբ: Նաև տեղավորվել են տարբեր գյուղերի ազատ բնակարանային ֆոնդերում, դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում բնակարանային ֆոնդերը մեծացնելու ուղղությամբ»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Նա ընգծել է, որ պետության համար առաջնայինն արցախցիների վերադարձը խրախուսելն է:

Արցախում մինչև 10,000 արցախցի ընտանիք կացարանի կարիք ունի: Անօթևան մնացած բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները Արցախի կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով։ անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300,000 դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Մեկ տարով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ «ողջամիտ ծավալների սահմանափակմամբ»: