16 փետրվարի 2021 - 11:43 AMT
ՄԻՊ-ը դիմել է ՄԱԿ․ Ադրբեջանը ձգձգում է գերիների վերադարձը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ փետրվարի 15-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ է ուղարկվել մանրամասն հաղորդում, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են հայ գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:

Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես միջազգային A կարգավիճակ ունեցող մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

«Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:

Հ.Գ. Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները»,- ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 11-ին ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերու հետ։ Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։