ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ և Սիրիայի միջև բարեկամական խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե «Իսկանդերը» պատերազմում պայթել է միայն 10%-ով կամ չի պայթել, ասել է, որ այդ հայտարարությունն առնվազն «նրա ոչ կոմպետենտության մասին է վկայում»:
Նա հիշեցրել է Սիրիայում «Իսկանդերների» հաջողության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Վատ պարողին ոտքերն են խանգարում։ Այս ժողովրդական իմաստությունն ամենից լավ է բնութագրում ՀՀ վարչապետի խոսքերն «Իսկանդերների» կիրառման և դրանց «հնացած» լինելու մասին։ Մարդիկ, որոնք ավելի լավ են հասկանում պատերազմի և խաղաղության հարցերը, գիտեն, որ սա 21 դարի լավագույն օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգն է։ «Իսկանդերը» հաստատել է իր բարձր բնութագրերը նաև Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմում»,- ասել է նա։
Ռուսական մամուլում լայնորեն լուսաբանվել է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում կրակած «Իսկանդերը» պայթել է միայն 10%-ով կամ չի պայթել։
Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իրեն: Ըստ վարչապետի՝ Սարգսյանն իր հարցի պատասխանը գիտի։
«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին - խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», - ասել է Փաշինյանը։