Հայ-սլովակական հարաբերությունների պոտենցիալն իր ամբողջ ծավալով չի օգտագործում
Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը բավական բարձր է: Հայ-սլովակական հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն, բայց այն դեռեւս չի օգտագործվում իր ողջ ծավալով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար, Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԱՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը: «Երեւանն ու Բրատիսլավան ունիկալ գործընկերներ են: Սլովակիան միշտ աջակցել է Հայաստանին միջազգային կազմակերպություններում: 2004թ. այդ երկրի խորհրդարանը ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման վտանգին»,- նկատել է Աշոտ Գրիգորյանը:
Ինչպես նշել է Աշոտ Գրիգորյանը, ներկայումս ԱՀՄՖ-ն Սլովակիայի հետ դիտարկում է ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստան եւ Ղարաբաղ ներկրելու հարցը : «Սլովակիան ծրագրում է վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղում 2 հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար»,- հաղորդել է Աշոտ Գրիգորյանը: