Մարուքյան․ ԱԺ արտահերթ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա

Մարուքյան․ ԱԺ արտահերթ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ այս փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա, բայց դեռ չի կարող հաստատ ասել՝ կոնսենսուս կա։

«Ես չեմ ուզենա, որ մենք նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ կերպ քննարկման առարկա չդարձնենք», - նշել է Մարուքյանը, գրում է Aysor.am-ը։

Խոսելով ժամկետների մասին՝ պատգամավորն ընդգծել է, որ իրենց համար մինչև հունիսի 1-ն ընտրությունները պետք է ավարտված լինեն։

«Նշանակում է՝ առաջիկա տասն օրում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի»,- ասել է նա:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև նկատել է, որ արտահերթ ընտրությունների գնալու կամք է նկատում իշխանության շրջանում:

Մարտի 13-ին տեղի էր ունեցել ՀՀ նախագահի և Էդմոն Մարուքյանի հանդիպումը: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:

Մարտի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

 Ուշագրավ
---