Ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ կորոնավիրուսի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով, ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի նոր արտահերթ զեկույցում։
Դրանում նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ Covid-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի սանձազերծած պատերազմը վտանգել է Արցախի ամբողջ բնակչության կյանքն ու առողջությունը:
Ըստ ՄԻՊ-ի՝ այս ամենն իրականացվել է մահացու վիրուսի տարածումն արագացնելու և առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը հասնելու միջոցով, այն զգալիորեն նպաստել է Հայաստանում ևս մահվան թվերի աճին:
Կառույցից նաև ասվածն ապացուցող վիճակագրություն են նակայացրել․ մարտի 1-ից սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում Covid-19-ի համավարակի 49,400 դեպք է գրանցվել, մինչդեռ պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն այս թիվը հասել է 59,287:
Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա նախապատերազմյան յոթ ամսվա ընթացքում արձանագրվել է մահվան 951 դեպք, մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի:
«Արձանագրած այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ», - նշված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։
Զեկույցն ուղարկվելու է միջազգային համապատասխան կառույցներին, ՀՀ պետական մարմիններին: