Գյումրիում մտադիր են «Չոր նավահանգիստ» կառուցել

Գյումրիում մտադիր են «Չոր նավահանգիստ» կառուցել

PanARMENIAN.Net - Գյումրիում նախատեսվում է «Չոր նավահանգիստ» կառուցել, իսկ Արարատում՝ Արդյունաբերական պարկ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այդ նախագծերը ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։

«Լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ», - ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։

Մելնիկովը գաղափարը հետաքրքիր է համարել` նշելով, որ Գյումրիի կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։

Նախարարը նաև առաջարկել է դիտարկել հայ գործարարների ներկայացրած պահանջարկը՝ կազմակերպել երկաթուղով կցորդներով փոխադրումներ՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։

Ի պատասխան Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել վերջիններիս հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։

Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղու» խնդիրները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հեռանկարները։

Մելնիկովը տեղեկացրել է Քերոբյանին, որ առաջիկայում ընկերությունը կհամալրվի նոր շարժակազմով՝ հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար վագոններերով, նաև էլեկտրագնացքներով։ Նոր ուղևորատար վագոնները բերվելու են ընթացիկ տարվա մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը:

«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը կարևորել է նաև տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում և երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը։

Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։

Չոր նավահանգիստը ներքին տերմինալ է, որն ավտոմոբիլային կամ երկաթուղային անմիջական հաղորդակցություն ունի ծովային նավահանգստի հետ։ Այն կատարում է ծովային բեռները ներքին ուղղություններով տեղափոխելու բաշխման կետի գործառույթներ։ Չոր նավահանգիստները նաև կարող են բռների պահեստներ ունենալ և ապրանքների մաքսային ձևակերպում իրականացնել։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---