Թաթոյան. Ֆիննախի պարզաբանումները հաստատում են ՄԻՊ ինստիտուցիոնալ անկախության վերացման վտանգները

Թաթոյան. Ֆիննախի պարզաբանումները հաստատում են ՄԻՊ ինստիտուցիոնալ անկախության վերացման վտանգները

PanARMENIAN.Net - ՄԻՊ Արման Թաթյանը, անդրադառնալով «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախությունը Կառավարությունից ու ԱԺ-ում կառավարող խմբակցությունից վերացնող օրենսդրական նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումներին, նշել է, որ դրանք չեն վերացնում ՄԻՊ մտահոգությունները և հաստատության ինստիտուցիոնալ անկախությանը վերաբերող սկզբունքային ռիսկերը:

ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում նշել, որ այս նախագիծը պարտադիր պետք է դիտարկել այլ գործոնների համատեքստում, այդ թվում՝ կապված նախագծի մշակումից անմիջապես առաջ հաստատության տեխնիկական կարողությունների (ավտոմեքենաների) չհիմնավորված կրճատման հետ: Նախագծի հետ կապված սկզբունքային ռիսկերը պետք է դիտարկել նաև ՄԻՊ հաստատության վերաբերյալ ինստիտուցիոնալ ոչ ճիշտ պատկերացումների լույսի ներքո, ասվում է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծը ո՛չ մշակման, ո՛չ քննարկման, ո՛չ շրջանառության փուլում որևէ կերպ չի քննարկվել Պաշտպանի հաստատության հետ: Ֆինանսների նախարարությունը կամ այլ մարմին հետ ևս որևէ քննարկում չի եղել, իսկ վերջում անսպասելի ընդունվել է՝ որպես չզեկուցվող հարց: ՄԻՊ-ը նախագծի ընդունման մասին տեղեկացել է միայն նիստից հետ:

«ՄԻՊ-ն ինքն է նշել, որ մասնակցել է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020թ․ սեպտեմբերի 22-ի և 2021թ․հունվարի 26-ի նիստերին: Պաշտպանն այդ նիստերին իրավական հստակ փաստարկվածությամբ անդրադարձել է նախագծի անթույլատրելի լուծումներին ՄԻՊ հաստատության սահմանադրական ու միջազգային դերի տեսանկյունից: Այդ մտահոգություններն ու առարկությունները, սակայն, արժանացել են խիստ անհամարժեք հակափաստարկման:

Հետևաբար, առանց Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունների որևէ փարատման ինքնին կոմիտեներում նախագծի քննարկման փաստը որևէ հիմք չի տալիս նշել, թե նախագծի ընդունումը մասնակցային և հավասարակշռված լուծում է: Սրան ևս պետք է ավելացնել այն, որ բյուջետային համակարգի կարգավորումների նման սկզբունքային փոփոխությունները ՀՀ կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվել են առանց քննարկման՝ որպես չզեկուցվող հարց ու առանց Մարդու իրավունքների պաշտպանին այդ մասին տեղյակ պահելու, անսպասելի կերպով»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ իբրև նախագծով հետապնդվող նպատակ՝ Ֆինանսների նախարարության պարզաբանումները բխում են ոչ թե նախագծային լուծումներից և դրա պայմաններում իրավակիրառման փոփոխության տրամաբանական կապից, այլ իրենցից պարզապես ներկայացնում են բարի ցանկություններ, խոստումներ ու հավաստիացումներ:

Նշվում է նաև, որ նախագծի ընդունման հիմնավորումները միակողմանի են, ամբողջությամբ կազմված են մեխանիկական ու միայն ֆինանսական տեսանկյունից:Դրանք որևէ կերպ հաշվի չեն առնում մարդու իրավունքների գերակայությունները, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները կոնկրետ ոլորտներում: Անտեսում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վերաբերող միջազգային պահանջներն ու աշխատանքի առանձնահատկությունները երկրում:Այս պարտավորություն է ամրագրված ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածում:

Որպես նախագծի առջև դրված խնդիր՝ նշվում է «Ի հակադրություն ներկա կարգավորումների շատ հաճախ զգազմունքային դրսևորումների, ձևավորել միջավայր, որտեղ ԱԺ-ն հնարավորություն կունենա յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում լավագույնս արտացոլել Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնված պարտավորություններին համահունչ բյուջետային հատկացումները»:

Մինչդեռ, ՄԻՊ գործունեության ֆինանսավորման գործող երաշխիքի պարագայում, օրինակ, հասկանալի չէ, թե որտեղ է դրա «զգացմունքայնությունը», և արդյոք այդ դրույթն է խանգարում ԱԺ-ին համարժեք գնահատելու և քայլեր ձեռնարկելու Օմբուդսմանի ու այն էլ միջազգային կարգավիճակներով օժտված հաստատության հետ համագործակցության և ըստ այդմ, երկրում մարդու իրավունքների պաշտպանության շարունակական զարգացման իր միջազգային պարտավորությունը կատարելու ուղղությամբ:

«Պարզաբանումներում իբրև հիմնական ուղղություն՝ Ֆինանսների նախարարությունն առաջ է քաշում պետական միջոցների ծախսման նպատակայնությունը։ Որևէ մեկը չի ժխտում, որ ՀՀ կառավարությունը պետք է ներդնի պետական միջոցների նպատակային և հաշվետու ծախսման կառուցակարգեր:

Այդուհանդերձ, ստիպված ենք կրկին վերադառնալու նախագծային լուծումների հետ դրանց կապին: Այստեղ է նաև, որ հարցերն անհրաժեշտ է քննարկել բովանդակային, մարդու իրավունքների տեսանկյունից: Դրանից բացի, չպետք է մոռանալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետական կառավարման համակարգի մաս չէ, և թերևս նման ֆինանսական հաշվետվողականության ու վերահսկողական գործիքների հասցեատերը վերջինիս կառույցը չէ, որ պետք է լիներ:

Պաշտոնական պարզաբանումներում Ֆինանսների նախարարությունը բերել է մարզային բաժինների հետ կապված օրինակ ու դրանով բացահայտել այդ օրինակի որևէ կապ չունենալը իր իսկ փաստարկների հիմնավորման համար:

Նախ, նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ Կառավարությունը ՄԻՊ-ին տրամադրել է ֆինանսական միջոցներ բոլոր մարզերում ստորաբաժանումներ ունենալու համար, ապա, իհարկե, պարզ է, որ հաջորդ տարի ֆինանսավորումն արդեն հատկացվելու է այնքան, որքան անհրաժեշտ է այդ ստորաբաժանումների գործունեության, այլ ոչ թե գոյություն չունեցող լրացուցիչ 10 մարզային ստորաբաժանում համար:

Ի վերջո, չպետք է մոռանալ, որ հենց Կառավարության կողմից ֆինանսավորում չհատկացնելու պատճառով են ժամանակին սկզբունքորեն կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումները»,-ասվում է պարզաբանման մեջ:

ՄԻՊ-ն անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանն առնչվող միջազգային չափանիշներին ու սահմանադրական պահանջի իրագործման օրենսդրական կանոնակարգումներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---