Կապանի մոտի մարտական հենակետի տեսագրության առթիվ դատախազությունը քրգործ է հարուցել

Կապանի մոտի մարտական հենակետի տեսագրության առթիվ դատախազությունը քրգործ է հարուցել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, գրում է «Հայկական ժամանակը»։

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի կողմից, որը պատճառել է էական վնաս, իսկ եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում՝ նաև պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գնահատական տալու համար:

Քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել Կապան քաղաքի մոտ ՀՀ ԶՈՒ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որտեղ զինծառայողները ցույց էին տալիս այն պայմանները։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն։ Զինծառայողները նշում են, թե իրենց ասվել է՝ «պոստը թողեք», սակայն իրենք չեն թողել։ Իրենց խոսքով՝ ո՛չ ռազմական ոստիկանությունն է աշխատում, ո՛չ էլ ԱԱԾ-ը, ադրբեջանցիներն էլ օրերս հանգիստ մտել են Կապան, նկարել ու հեռացել։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, արձագանքելով դրան, ասել էր, որ Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության առիթ և անվտանգային առումով որևէ խնդիր չկա, այնտեղ դիրք թողնելու հրամանի մասին ևս խոսք չկա։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր հերթին ասել էր, որ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---