Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը քննադատությամբ է հանդես եկել նախկին թիմի հանդեպ՝ հայտարարելով, որ վերջինս արդեն երեք տարի է «հանդես է գալիս, դիրքավորում է իրեն որպես խեղճ, խաբված, թույլ, միամիտ զոհ»։
«Եթե նրա (վարչապետի՝ խմբ․) բառապաշարով «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն, կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ու՞մ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը։ Մի՞թե խղճահարությունն է դարձել հանրության լայն շերտերի ընտրություն կատարելու հիմնական գրավականը։ Մի՞թե հաճելի է խեղճ, անպատասխանատու ղեկավար ունենալ։ Երբվանի՞ց և ինչու՞ սկսեցինք ուժեղին, հաղթողին ստորադասել թույլին, պարտվողին։ Նույնիսկ կենդանական աշխարհում թույլը չի կարող առաջնորդ ընտրվել»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Ջուլֆալակյանն «Իմ քայլից» դուրս է եկել 2020 սեպտեմբերի 9-ին՝ այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ «սկզբունքային անհամաձայնության պատճառով»։ Նա շեշտել էր, թե կցանկանար, որ մանդատից հրաժարվելու իր քայլը դիտվի որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ՝ այն մասին, որ զարգացումները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում «մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում»։