24 մարտի 2021 - 13:01 AMT
Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքն ընդունվել է․ Դեմ էր 36 պատգամավոր

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Նախագծին կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 2:

Ըստ դրա՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ին՝ բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամակցությունը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել էին փոփոխություններ ռեկտորների ընտրության և նշանակման մասով։ Ըստ դրանց՝ կառավարման խորհուրդն է ընտրում ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով: Եթե նախկինում ռեկտորի թեկնածուի համար օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, ապա նախագծով ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը: