24 մարտի 2021 - 17:05 AMT
ԱԺ փոխխոսնակ․ ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ասել է, որ ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում, բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է:

Ուրիխանյանը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով լրագրողների նկատմամբ բռնություններին, վերջիններիս հորդորել է զգույշ լինել, որովհետև իշխանությունը նրանց անընդհատ փորձելու է ծեծել:

«Տեղյակ չեք, գուցե, հիմա ձեռք չի տալիս իմանալ, որ շատ բարձր մակարդակով քննադատվել է, ես նույնպես դրա մասին խոսել եմ և հիմա էլ ասում եմ, որ բռնությունը, մասնավորապես՝ լրագրողի նկատմամբ, անընդունելի է»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Սիմոնյանը նաև հորդորել է չշահարկել հարցը՝ «երկու, երեք օր անց «կարմիր խոսք» թռցնելու համար»:

«Նախընտրական դիվիդենտ շահելու համար մեր գործընկերներին չփորձել պախարակել և դրա համար չփորձել լրագրողական համայնքն օգտագործել: Վերջիվերջո, «Իմ քայլը» խմբակցության մեծաթիվ գործընկերներ նախկին լրագրողներ են և շատ լավ գիտեն տարբերությունները: ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում, բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է: Մոռացեք դա ու մի շահարկեք», - ասել է Սիմոնյանը:

Ուրիխանյանն ԱԺ ամբիոնից ասել է նաև․ «Որևէ պաշտոնյա, այն էլ նախարարը լրագրողին ծեծի ու դրանից հետո սեփական թիմից որևէ մի դատապարտող դիրքորոշման չարժանանա, համաձայնեք, յուրահատուկ իրավիճակ է»:

Ավելի վաղ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով լրագրողի հետ միջադեպին, որին նա հարվածել էր, հայտարարել էր, որ դեմ է բռնությանը և պատրաստ է պատասխանատվություն կրել։