ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաղթանակն առաջիկա ընտրություններում առավել հավանական է։ Նման կարծիքի է ռուս փորձագետ, «Վալդայ» ակումբի անդամ, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալի ուսումնասիրման կենտրոնի վերլուծական խմբի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը:
Նա ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է լինելու, հավանաբար, կհաղթի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում։
«Եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, ապա, հավանաբար, Փաշինյանը, ոչ այնքան վստահ, որքան նախորդ ընտրություններում, բայց, կհաղթի»,-ասել է փորձագետը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է՝ ըստ հարցումների, Փաշինյանը դեռ բավականին մեծ աջակցություն ունի երկրում, և նրա հետևում է նաև որոշակի քաղաքական ուժ։
«Նա միայն ձևականորեն է հեռանում վարչապետի պաշտոնից, ուստի վերահսկում է գործադիր և օրենսդիր իշխանությունները։ Չնայած ղարաբաղյան պատերազմի արդյունքներին, նրա նախորդների հակավարկանիշը նույնպես իր օգտին է աշխատում։ Իսկ երրորդ ուժ չկա, ուստի, նա մեծապես այլընտրանք չունեցող առաջնորդ է մնում»,-ասել է Պրիտչինը։
Ըստ նրա, ընդդիմադիրների համեմատ, Փաշինյանը ևս մեկ առավելություն ունի՝ փողոցային ակցիաներ մոբիլիզացնելու և «փողոցի հետ» խոսելու կարողությունը։
Սակայն, ըստ փորձագետի, ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդել անսպասելի իրադարձությունները, որոնք միանգամայն կարող են ի հայտ գալ ինչպես ՀՀ բերքին իրավիճակում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական ուղղությամբ։
«Իրավիճակը բավականին թեժ է։ Բաքուն նույնպես բավականին կոշտ հայտարարություններ է անում, և այստեղ ևս, չի կարելի ասել, որ վիճակը կայուն է»,-ասել է նա։
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 3-ին։