24 մայիսի 2021 - 17:48 AMT
Այվազյանը ԼՂ հարցն ու անվտանգությունը ՀՀ սահմաններին քննարկել է ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների հետ

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինը (ՌԴ), Ջոնաթան Լաքոթը (Ֆրանսիա) և Լին Թրեյսին (ԱՄՆ) անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին:

Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն անթույլատրելի է համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծել ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքն անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։