ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) առաջիկայում կարող են պայմանավորվել Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու հնարավորության շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Շատ կարևոր է, որ համանախագահները մոտ ապագայում, այնուամենայնիվ, կարողանան տարածաշրջան այցելել և տեղում իրավիճակը պարզել, արդեն տեղում խոսել կողմերի հետ: Դա շատ կարևոր է: Կարծում եմ, որ այդպիսի հնարավորություններ կարող են ստեղծվել շատ մոտ ապագայում», - նշել է նա:
Լուկաշևիչը հավելել է, որ սուր է դրված նաև միջազգային կազմակերպությունների կողմից բնակչությանը հումանիտար օգնության կազմակերպման հարցը։ «Այստեղ ևս բազում կազմակերպչկան դետալներ կան, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում»,-հավելել է նա։
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։
Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։