24 հունիսի 2021 - 18:47 AMT
ՀԾԿՀ-ում քննարկել են ջրամատակարարման խափանումները․ Խնդիրներն աննախադեպ շոգից են

Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների և ջրի ցածր ճնշման հետ կապված հարցերը, տեղեկացանում է ՀԾԿՀ-ն:

Քննարկման արդյունքում կողմերը հայտնել են, որ նշված խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես մեխանիկական (պոմպակայանների միջոցով մղվող) ջրարտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի, որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում: Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ՝ իրավիճակը կայունացնելու համար:

Նպատակ ունենալով սպառողներին զերծ պահել նմանատիպ անհարմարություններից՝ կողմերը պայմանավորվեցին, որ այսուհետ ցանկացած տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում կձեռնարկեն համատեղ միջոցառումներ՝ դրանք սեղմ ժամկետում կարգավորելու նպատակով:

Վերջին օրերին Երևանում և մարզերում հաճախակի են դարձել ջրամատակարարման ժամանակացույցի խախտումները։ Ընդ որում հաճախ՝ սպառողն անջատումների մասին նախապես չի տեղեկացվում։ Հատկապես շատ են այդպիսի բողոքները Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի բնակիչներից։ Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության, ջրամատակարարման ժամանակացույցի խախտումները տեղի են ունենում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով։