Աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
Հովհաննիսյանը 7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։
«ԵՊՀ ռեկտորի նոր ԺՊ-ն աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանն է»,-ասվում է գրառման մեջ։
Հովհաննիսյանին ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
2019-ի մայիսից ԵՊՀ-ն ռեկտոր չունի, պարտականությունները կատարում էր ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, որը հրաժարական է տվել 2021-ի ապրիլին։
2019-ի մայիսին հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նույն ամսում հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Նա ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային գործակցության գծով պրոռեկտոր էր 2008-ից: