Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը և Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորություններն իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:
Զրուցակիցները անդրադարձել են նաև 2021-ի սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին:
Ստանիսլավ Զասն հանդիպել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ։ Վերջինս ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈւ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակում Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։