Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Քրգործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ, հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ընթացքում, համայնքապետարանի մի քանի պաշտոնյաների օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ երբեմն անձամբ մասնակցելով հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող, 2001-2011 թթ․ ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ:
Խոսքը, մասնավորապես վերաբերում է Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներին, Գյումրիի Ֆուրմանով, Ռուսթավելու, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերին, Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող հողամասին, Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ.Ճարտարապետ փող. մի քանի հողամասերին, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասերին, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասին, «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից մի հատվածին, Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությանը:
Արդյունքում համայնքապատկան կամ պետական սեփականության գույքն օտարվել է առանձին դեպքերում անձամբ իրեն, ինչպես նաև այլ անձանց, սուբյեկտների, և ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա դրանց նկատմամբ գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը:
Պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. օգոստոսի 10-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝պատժվում է տուգանքով կամ առավելագույնը 4 տարվա ազատազրկման՝ 9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է 3 տարվա ազատազրկմամբ՝ 10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը, պատժվում է տուգանքով կամ առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ՝ 19 դրվագ):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: