Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել է, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման:
«Այս հարցին անդրադարձել եմ, կարծում եմ՝ դա պիտի լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը:
Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումն էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար»,-ասել է նա:
Վարչապետը հավելել է, որ հայկական կողմի համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը:
«Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար: Ու եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս և նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման»,-ասել է նա:
Կառավարության հերթական նիստում, ախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ ՀՀ կառավարության պատկերացումներին: