ԵԱՏՄ երկրները մտադիր են 14 խոչընդոտ վերացնել Միության շուկայում մինչև 2022-ի ավարտը, տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը՝ օգոստոսի 19-20-ին ղրղզական Չոլպոն Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նիստում հաստատվել է բացառումների և սահմանափակումների ցանկը Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում, որոնք պետք է վերացվեն 2021-2022թթ․։ Ընդհանուր առմամբ ցանկում 14 խոչընդոտ կա՝ 13 սահմանափակում և 1 բացառում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
«Ցանկի կազմումն աշխատատար, բայց շատ կարևոր գործընթաց է։ Փաստացի, կառավարությունների ղեկավարները մատնանշել են միության համար առավել զգայուն խոչընդոտները, որոնք պետք է վերացվեն 2021-2022թթ․»,-մեկնաբանել է որոշումը ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը:
Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին ելույթում կարևորել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծումը։