Օգոստոսի 23-ին ընդունվել է ՀՀ Անկախության հռչակագիրը

Օգոստոսի 23-ին ընդունվել է ՀՀ Անկախության հռչակագիրը

PanARMENIAN.Net - 1990թ․ օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվել է Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը:

Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։

Անկախության հռչակագիրն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը։

Այն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Դրանով վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը` Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

Հռչակագիրը բաղկացած էր 12 կետից, վերջինով ամրագրվում էր, որ այն հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---