Պատերազմին մասնակից ոչ ծանր հանցանքներ կատարած անձանց առաջարկվում է համաներել

Պատերազմին մասնակից ոչ ծանր հանցանքներ կատարած անձանց առաջարկվում է համաներել

PanARMENIAN.Net - Իշխանությունները, մարդասիրական մոտեցում ցուցաբերելով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ, առաջարկում են համաներել պատերազմի ժամանակ նման հանցանք կատարած անձանց։ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը։

Ըստ նախագծի, համաներումը կտարածվի մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված այն անձանց վրա, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։

Առաջարկում է համաներում կիրառել նաև 44-օրյա պատերազմին մասնակցած այն զինծառայող անձանց նկատմամբ, որոնք կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ռազմական դրության ժամանակահատվածում՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․ մարտի 24-ը ՔՕ 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար։

Համաներում հայտարարելով՝ նախատեսվում է քրգործի հարուցումը մերժել, հարուցված քրգործի վարույթը կարճել, ինչպես նաև չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել այն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձանց նկատմամբ: Դա վերաբերում է նաև միջին ծանրության դիտավորյալ մինչև չորս տարի և անզգուշությամբ մինչև վեց տարի ժամկետով պատիժ նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ:

Համաներում հայտարարելով՝ նախատեսվում է պատժից ազատել՝

1) միջին ծանրության դիտավորյալ հանցանք կատարած անձանց, որոնք դատապարտվել են` առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկման

2) միջին ծանրության անզգուշությամբ հանցանք կատարած անձանց, որոնք դատապարտվել են` առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման:

Համաներումը կկիրառվի նաև նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022-ի փետրվարի 1-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Նախագիծը դեռևս պետք է գործադիրի հավանությունը ստանա, հետո քննարկման դրվի և ընդունվի Ազգային ժողովի կողմից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---