29 սեպտեմբերի 2021 - 15:07 AMT
Էրդողանի խոսնակը հայ-թուրքական կարգավորումը պայմանավորել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական Haber Goba լրատվականի եթերում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից և արցախյան հիմնախնդրից՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորելով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

Նա շեշտել է, որ իրենք սկզբունքորեն դրական են նայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթցին։ Հիշեցրել է, որ 1992թ․ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և հայ-թուրքական սահմանի փակման պատճառը եղել է արցախյան պատերազմը, որն անվանել է «Ղարաբաղի օկուպացիա», գրում է Ermenihaber-ը։

«Իսկ հիմա, երբ այդ խնդիրն արդեն լուծվել է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտ այլևս չկա։ Սակայն Ղարաբաղի խնդրում դեռ կան հարցեր, որոնք լուծում են պահանջում»,-շարունակել է Քալընը։

Էրդողանի խոսնակը նաև նշել է, որ թեև Ղարաբաղում հաստատվել է հրադադար, բայց առ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել:

«Անհրաժեշտ է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Ընդ որում դա անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Կովկասի, և՛ մեզ բոլորիս համար։ Դրա վերաբերյալ պայմանները, բնականաբար, պետք է քննարկվեն ու արժանանան երկու կողմերի հավանությանը»։

Իբրահիմ Քալընի խոսքով՝ վերոնշյալ գործընթացը շարունակվում է և դրա հաջորդ փուլը կլինի պայմանագրի կնքումը։ Թուրքիայի համար էական չէ, թե կողմերը ինչ ձևաչափով կհանդիպեն:

«Կարևոր էլ չէ, թե դա կլինի ՄԱԿ-ի, Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո, թե տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավմամբ: Կարևորն այն է, որ պայմանագիրը լինի, որը կհաստատի Ադրբեջանը և կընդունի Հայաստանը։ Այդպիսով խնդիրն ամբողջությամբ կլուծվի ու մի կողմ կդրվի»,- եզրափակել է Քալընը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Սոչի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև իրավիճակն Անդրկովկասում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա կայցելի նաև Երևան և հուսով է, որ որ դրական դերակատարում կունենա հարևան երկրների հարաբերությունների կարգավորման գործում։