Ռուսական կողմը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի հետ հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզների տրամադրման դիմաց։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը։
«Շարունակում ենք աշխատանքն ականապատ տարածքների քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Համոզված ենք, որ այդպիսի հարցերի շուտափույթ և վերջնական լուծումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների առողջացմանը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/politika/12546925
Զայցևը նշել է, որ Մոսկվան այդ ուղղությամբ իր աշխատանքում առաջնորդվում է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով, որոնք «ապագայում նմանօրինակ ողբերգական իրադարձություների բացառման հուսալի երաշխիքն են»:
«Տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղությամբ իր ջանքերում Ռուսաստանը շեշտը դնում է եռակողմ համաձայնագրերից բխող խնդիրների իրագործման վրա»,- ասել է Զայցևը։
Ադրբեջանը մինչ օրս չի հայտնել իր մոտ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հստակ թիվն ու գտնվելու վայրը։