Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմը։
Ուղերձում ասված է. «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը 2020 թ. աշնանը ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման, մեր բնակչության անվտանգության ապահովման և տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Անգնահատելի է անձամբ Ձեր և Ռուսաստանի Դաշնության կառավարության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և առանձին ձևաչափերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում:
Լիահույս ենք, որ մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա»,-ասվում է ուղերձում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։