Օհանյան․ Բանակն առաջինը պետք է հետպատերազմյան այս վիճակից դուրս գա

Օհանյան․ Բանակն առաջինը պետք է հետպատերազմյան այս վիճակից դուրս գա

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, Սեյրան Օհանյանը խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ ասել է, որ բանակը, իր կազմակերպչական սկզբունքներից ելնելով, ամենաառաջինը պետք է այս իրավիճակից (հետպատերազմյան,- խմբ.) դուրս գա և ապահովի իր զարգացումը։

Նա հավելել է, որ եթե ներկայիս իշխանությունը հրաժարական տա, ապա «Հայաստան» դաշինքն ունի թիմ, որը կարող է միջազգային և ազգային երաշխիքների ուղղությամբ արագ տեմպերով լիարժեք աշխատանք տանել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մենք կարծում ենք, որ ՀՀ ղեկին պետք է լինի նոր իշխանություն, որը կարող է կազմակերպչական ունակությունների արդյունքում արագ վերակազմավորել և երկիրը դուրս բերել հոգեբանական այս իրավիճակից, անվտանգության համակարգ ձևավորել։ Մասնավորապես, ես նկատի ունեմ բանակը»,- ասել է Օհանյանը։

Նա հավելել է, սակայն, որ չնայած այս ամենին, չի կարծում, որ ներկայիս իշխանություններն ինքնակամ հրաժարական կտան։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին նշել է, որ առաջիկայում պատրաստվում են սահմանադրական բոլոր մեթոդները կիրառել հանրության մոտ ավելի շատ վստահություն և իշխանափոխության պահանջ բարձրացնելու ուղղությամբ։

«Մենք տեսնում ենք` ինչպես են այս իշխանությունները վախենում բողոքներից։ Երեկ, օրինակ, դաշնակցական երիտասարդները 15 հոգով կառավարության առջև բողոքի ակցիա էին անում ու բարձրախոսով խոսելու համար նրանց բերման ենթարկեցին»,–ասել է Մինասյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---