11 հոկտեմբերի 2021 - 15:08 AMT
Արցախի ԱԳՆ․ Բաքվի հեռահար նպատակն է կասկածի տակ դնել ՌԴ խաղաղապահների աշխատանքի արդյունավետությունը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը և սադրիչ գործողությունները, որոնց արդյունքում հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչը, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում քաղաքի հարակից տարածքում: Արցախի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Ադրբեջանի գործողությունները միտված Արցախի խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտի ստեղծմանն ու Արցախի հայաթափմանը:

«Ադրբեջանը նաև հեռահար նպատակներ է հետապնդում․ խափանել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացումն ու կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը։

Տվյալ և նախորդ մյուս բոլոր միջադեպերը, որոնց ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ կամ նրանց պատկանող գույքը, Ադրբեջանի համակարգված հայատյաց քաղաքականության դրսևորումներ են և հերթական ապացույց, որ Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի ժողովրդին ուղղված խաղաղասիրական կոչերը և խաղաղ համագոյակցության հնարավորության վերաբերյալ պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքակիրթ աշխարհին մոլորեցնելու և հայկական կողմերի զգոնությունը թուլացնելու փորձ: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

2021թ հոկտեմբերի 9-ին, ժամը 13։20-ի սահմաններում Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը հայտարարել է, որ միջադեպը քննվում է երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ։