24 մարտի 2009 - 21:56 AMT
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը` Գյուղատնտեսական բանկերի միջազգային միության հիմնադիր անդամ
2009 թ. մարտի 13-ին Մինսկում տեղի ունեցավ Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի երկրների գյուղատնտեսական բանկերի միջազգային միության հիմնադիր հավաքը, ինչպես նաեւ նշված միության հիմնադիր փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ինչպես հաղորդել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի մարքեթինգի բաժինը, Հայաստանից ներկա էր «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Բանկը դարձավ Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի երկրների Գյուղատնտեսական բանկերի միջազգային միության հիմնադիր անդամ: Միության հիմնադրման հիմնական նպատակներն են` գյուղատնտեսության զարգացման ոլորտում բանկային համակարգի առջեւ ծառացած գործնական խնդիրների լուծումը; աջակցություն այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք հիմք կհանդիսանան Միության անդամների երկրների բանկային համակարգի արդյունավետ գործունեության, ինչպես նաեւ կայունության ապահովման համար; մասնակցություն բանկային գործունեության կարգավորման ոլորտում առաջարկությունների մշակմանը; մասնակցություն բանկային համակարգի զարգացման պետական ծրագրերի, ինչպես նաեւ Միության անդամների երկրներում գյուղատնտեսության ոլորտում դրամավարկային քաղաքականության մշակմանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստեղծվել է 1996թ.: 2006թ. սեպտեմբերին բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում մի շարք կարեւոր ֆինանսական ցուցանիշներով, ինչպիսիք են ընդհանուր կապիտալի եւ ակտիվների մեծությունը, POS-տերմինալների, բանկոմատների եւ թողարկված քարտերի քանակությունը, տնտեսության իրական հատվածի եւ գյուղատնտեսության վարկավորման ծավալները: