Փոխոստիկանապետ․ Հին նմուշի անձնագրերի վավերականությունը 2 տարի դարձնելը ժամանակավոր է՝ մինչև 2023-ի սկիզբը

Փոխոստիկանապետ․ Հին նմուշի անձնագրերի վավերականությունը 2 տարի դարձնելը ժամանակավոր է՝ մինչև 2023-ի սկիզբը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ԱԺ–ում ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ասել է, որ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ 2 տարի դարձնելը վերաբերում է մինչև 2023-ի սկիզբն ընկած ժամանակահատվածին։ «Դրանից հետո դրանք տրվելու են նորից 10 տարվա ժամկետով»,–ասել է Ֆիդանյանը։

Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի դարձնելու առաջարկը միանշանակ չէր ընդունվել հանրության շրջանում։ Նշվում էր, որ դա հատկապես խնդրահարույց է արտերկրում ապրողների համար։

«Առաջարկվում է հին նմուշի անձնագրերը հետայսու տրամադրել 2 տարի ժամկետով, սակայն հետայսուն բավականին հարաբերական է, քանի որ նախատեսվում է 2022-ի վերջից կամ 2023-ի սկզբից ներդնել նոր կենսաչափական անձնագրերի համակարգ, որով էլ 821 որոշմամբ սահմանված անձնագրերի գործունեությունը լիովին դուրս է գալու։

Այսինքն` 2 տարին ընդամենը մեկանգամյա բնույթ է կրում` մինչև 2023-ի սկիզբը, դրանից հետո դրանք տրվելու են նորից 10 տարվա ժամկետով»,– ասել է Ֆիդանյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ կենսաչափական անձնագրերի մասով 10 տարի ժամկետը պահպանվում է։

Ֆիդանյանի խոսքով` 3,199,000 - ից ավելի հին նմուշի անձնագիր է տրվել, իսկ այժմ ժամկետի մեջ է 2,386,000 անձնագիրը։

Փոխոստիկանապետը վստահեցրել է, որ այն անձնագրերը, որոնք ժամկետի մեջ են, շարունակելու են մնալ ուժի մեջ։

Արա Ֆիդանյանն ԱԺ-ում նաև հայտնել էր, որ նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել օտարերկրյա բոլոր պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---