Թովմասյանը՝ ԱԺ-ում փակ հանդիպման մասին․ Ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է

Թովմասյանը՝ ԱԺ-ում փակ հանդիպման մասին․ Ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դուրս գալով «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ հրատապ քննարկումից, ասել է, որ ոչ մի հարցի, ըստ էության, պատասխան չի տրվում։ «Ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է»,-ասել է նա։

Փակ քննարկման որպես զեկուցողներ են հանդես գալիս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

Թովմասյանը նշել է, որ խորը հիասթափված է և դուրս է եկել քննարկումից, որովհետև չի ցանկանում տեսնել, լսել այդ խեղկատակությունը, գրում է Aysor.am-ը։

«Պատգամավորների մեջ կան պետական գաղտնիքի կրողներ, բացի այդ, նույնիսկ սահմանի երկայնքի չափը չի ասվում, ասվում է պետական գաղտնիք։ Սա ուղղակի արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ», - ասել է Թովմասյանը։

Նա հայտնել է, որ ինքը պարզ հարցեր է ուղղել քննարկմանը, որոնք հրապարակային հնչեցնում է ուղիղ մեկ տարի ՝ ինչո՞ւ կահավորված չեն ՀՀ սահմանները, ինչո՞ւ ադրբեջանցիները ՀՀ պետական սահմանը կարողացան հատել՝ առանց մեր կողմից որևէ դիմադրության։

«Ես իմ այս երկու ամենակարևոր հարցերի պատասխանները չստացա և դուրս եկա։ Հարցերս Քոչունցին էին ուղղված, որովհետև ՀՀ ԶՈւ պատասխանատուն տվյալ դեպքում դահլիճում ներկայացված է Կամո Քոչունցի տեսքով, և նա պարտավոր է պատասխանել պատգամավորների հարցերին։ Բայց այն վարքագիծը, որը նա դրսևորում է, կամ ամեն ինչից կիսատեղյակ է ձևանում, կամ խուսափում է կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց, սա ուղղակի անիմաստ քննարկում է», - ասել է պատգամավորը։

Թովմասյանը շեշտել է, որ իր գործընկերների հարցերին ևս հստակ պատասխաններ չեն տրվել։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան նիստում Ազգային ժողովի պատգամավորների առաջարկով որոշվել էր փակ նիստ հրավիրել՝ հրատապ քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով։

 Ուշագրավ
---