25 մարտի 2009 - 17:56 AMT
Կարտեր Հեմ. Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թուրքիայի պատրաստակամությունը դրական ազդանշան է
Անկարայի հաղորդումներն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է իր տարածքը տրամադրել Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու համար, վկայում է ամերիկա-թուրքական հարաբերություններում արձանագրված առաջընթացի մասին: Այդ մասին հայտնել է Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Կարտեր Հեմը: «Այժմ մենք գտնվում ենք հարաբերությունների վերականգնման փուլում: Իհարկե, ես դեռեւս չգիտեմ` արդյոք որեւէ ծրագրեր կան Իրաքից ամերիկյան զորքերը Թուրքիայի տարածքով դուրս բերելու առնչությամբ, բայց այն փաստը, որ Անկարան պատրաստ է օգնել ԱՄՆ-ին այդ հարցում, արդեն դրական ազդանշան է»,- հայտնել է Հեմը: Ամերիկացի գեներալի խոսքով, ենթադրվում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը կիրականացվի Քուվեյթի նավահանգիստների եւ օդանավակայանների միջոցով: Բայց դրա հետ մեկտեղ, գեներալ Հեմը նշել է, որ դեռեւս վաղ է խոսել այն մասին, որ Թուրքիայի տարածքը Իրաքից ամերիկյան հավաքակազմի դուրսբերման այլընտրանքային ճանապարհ չի լինելու, գրում է Hurriyet Daily News թուրքական թերթը:

Վերջերս թուրքական ԶԼՄ-ները, մասնավորապես` Today's Zaman թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հաղորդել է, որ Անկարան կարող է տրամադրել Թուրքիայի հարավում գտնվող Ինջրիլիկ օդակայանը ոչ միայն Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման, այլեւ ԱՄՆ ԶՈՒ զենքի փոխադրման համար: «Անկարան պետք է պատրաստ լինի Վաշինգտոնի հետ խոսելու ինչպես ամերիկյան զորքերի դուրսբերման, այնպես էլ Թուրքիայի տարածքով զենքի տեղափոխման մասին»,- հայտնել է աղբյուրը: