ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (ՌԴ) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Փարիզում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ առանձին և համատեղ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը։
«Համանախագահները և ԱԳ նախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները ապասրացման ուղղությամբ հնարավոր մի շարք միջոցառումների և այդ գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան»,- ասվում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ:
Համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, մասնավորապես՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանության հարցերը, և կոչ են արել կողմերին ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը։
Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ և՝ քննարկել են նրանց ընթացիկ ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումների որոնմանը, իրենց մանդատի շրջանակներում:
Նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Համանախագահները նրանց ընդունել են նաև համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: