Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաղորդումներ է ուղարկում միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի քաղաքացիական որոշ բնակավայրերի հարևանությամբ. «Նրանց արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը»:
Նշվում է, որ ՀՀ զինծառայողները պաշտպանում են ՀՀ բնակչության կյանքն ու առողջությունը ադրբեջանական հանցավոր արարքներից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հրատապ ուսումնասիրություններ՝ կապված նոյեմբերի 14-ից ադրբեջանական ահաբեկչական բնույթի արարքների հետ:
«Որոշ տվյալներով հաղորդվում է ՀՀ 6 զինծառայողի գերեվարելու մասին. սա բացահայտ անօրինական արարք է, քան որ ադրբեջանական զինծառայողների տեղակայումներն ու արարքներն են ի սկզբանե առանց իրավական հիմքերի են (unlawful):
Ադրբեջանական իշխանությունները կրում են ամբողջ պատասխանատվությունը իրենց ի սկզբանե անօրինական, ահաբեկչական արարքներով ՀՀ զինծառայողների կյանքի ու առողջության ցանկացած վնասի համար:
Իրավիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդումներ է ուղարկում միջազգային հանրությանը»,- ասվում է գրառման մեջ:
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ՀՀ ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է: