Փաշինյան․ ՌԴ-ն սահմանզատման գծով 3 ընդունելի առաջարկ է արել

Փաշինյան․ ՌԴ-ն սահմանզատման գծով 3 ընդունելի առաջարկ է արել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը 3 առաջարկ է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, որոնք ընդունելի են հայկական կողմի համար։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ այդ առաջարկներն արվել են 2021-ի մայիսից ի վեր։

«3 առաջարկն էլ մեզ համար ընդունելի է եղել և շարունակում է ընդունելի մնալ: ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են», - ասել է նա։

Նա հանձնարարել է պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին ճշգրտել մանրամասները ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ և «փորձել իրագործել»։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
---