18 նոյեմբերի 2021 - 13:16 AMT
Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի փաստով քրգործ կա

Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի փաստով քրգործ է հարուցվել։ Այդ մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», «բ» և «գ» կետերի, 1998թ․ հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի պահանջները, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, զինված ուժերի օգտագործմամբ, կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ոտնձգել են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ և իրականացնելով ագրեսիայի ակտ:

Ադրբեջանի զինված ուժերը, վարելով ագրեսիվ պատերազմ, նպատակադրվել են ձեռք բերել ռազմական գերակայություն՝ կոպտորեն խախտելով «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի 1-ին Լրացուցիչ արձանագրության 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, զինված ուժերի օգտագործմամբ, հրետանային միջոցների, զրահատեխնիկաների և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել ՀՀ զինված ուժերի՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերը։ Դրանց ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչպես նաև խոշտանգվելով գերևարվել ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողներ:

Նկատի ունենալով, որ առկա է սպանության, սպանության փորձի, առանձնապես խոշոր չափերով գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կամ վարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությանը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։