ԱԻՆ տրանսպորտային միջոցներն ապահովում են Սյունիքի մարզի սահմանային գյուղերի կարիքները: Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
«Բացի դրանից, Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի հատվածում տեղադրել ենք տաքացման կետ։ Նախատեսել ենք ևս երկու տաքացման կետ այդ ճանապարհին, որը կօգնի մեր բնակչությանը», - ասել է նախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ բացի տաքացման կետերից, ունենալու են նաև ամենագնացներ, որոնք կարողանալու են խցանումների ժամանակ օգնել մարդկանց։
«Այս պահին էլ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ համայնքների հատվածում մեքենաներն աշխատում են և մարդկանց օգնություն են ցուցաբերում», - ասել է Փիլոյանը։
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողություն հաստատելու արդյունքում լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև։