Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կառավարության նիստում հաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Սյունիքում չկա շրջափակված բնակավայր, հայտարարել է, որ Տաթև-Աղվանին արդեն կառուցված է և պետք է կառուցվի ևս 6 ճանապարհահատված։
Սանոսյանը նշել է նաև, որ Որոտան-Խոտ ճանապարհի 5 կմ ամբողջովին պատրաստ է, բայց խոսքը ոչ թե ասֆալտապատման մասին է, այլ հիմքի, իսկ մյուս 5 կմ վրա խճապատման աշխատանքներ են տարվում:
Նա նշել է, որ այդ հատվածներից մեկը Քաշունի–Բարձրավան 9 կիլոմետրանոց ճանապարհն է, որի 3.5-4 կմ-ում արդեն հողային ծածկույթի աշխատանքները կատարվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման, անցանելիության, խճապատման աշխատանքները։
Տանձավեր-Շուռնուխ ճանապարհի մի մասը, որի երկարությունը 13 կմ է, նոր է կառուցվում և այնտեղ որոշակի դժվարություններ կան, քանի որ անտառային հատված կա, բայց աշխատանքները շարունակվում են:
«Ուզում եմ նշել, որ նույն Շուռնուխ գյուղն առնվազն 2 ճանապարհ ունի՝ Խոտ-Որոտան-Շուռնուխը, որը գործում է, և մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավանը»,-ասել է նախարարը:
Անդրադառնալով Կապան-Ճակատեն և Կապան-Գեղանուշ-Ճակատեն ճանապարհահատվածներին՝ Սանոսյանն ասել է, որ սկսվել են Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները և խճապատումը։
«Որոշակի թեքություններ կան, բայց դրան զուգահեռ կկառուցվի Կապան-Ճակատեն նոր ճանապարհը»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է Տաթև-Լծեն ճանապարհին, ապա, ըստ նախարարի, 6.5 կմ աշխատանք է իրականացվել և երկու ընկերություններ տարբեր կողմերից են աշխատում:
Նախարարն ասել է, որ վերոնշյալ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն արդեն 2022թ․։
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողություն հաստատելու արդյունքում լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև։