18 նոյեմբերի 2021 - 16:16 AMT
էլեկտրամոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի ևս 2 տարով

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար սահմանված ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի ևս 2 տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծին:

Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։

ԿԳՄՍ նախարարության կողմից 2021/2022թթ. նախատեսվում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաև էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման տեխնիկ մասնագիտությունը։

Օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

2019-2021 թվականներիn ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, 2018-ին՝ ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ: 2018-2020թթ։ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում ՄԱԶԾ/ ԳԷՀ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղադրվել են 20-ից ավելի լիցքավորման կայաններ հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ։