22 դեկտեմբերի 2021 - 17:10 AMT
Հրաչյա Սարգսյան․ Ես գոհ եմ Մարությանի աշխատանքից՝ նրա հետ խնդիրներ չեմ ունեցել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը, հայտարարել է, որ ինքը Հայկ Մարությանին անվստահություն չի հայտնել, պարզապես համաձայնություն է տվել իր թեկնածությունն առաջադրելու համար։

«Ես գոհ եմ պարոն Մարությանի աշխատանքից։ Մարությանի հետ խնդիրներ չեմ ունեցել»,-վստահեցրել է Սարգսյանը, գրում է «Առավոտը»։

Նա ասել է, որ անկուսակցական է, ՔՊ-ին անդամակցելու առաջարկ չի ստացել, բայց եթե լինի՝ չի միանա։

Ընդ որում, նրա կարծիքով՝ իր անկուսակցական լինելն ու ՔՊ-ին չանդամակցելը խզվածություն չի առաջացնի ավագանու և քաղաքապետի միջև։ Դիտարկմանը՝ Մարությանը ՔՊ-ից դուրս է եկել, սա նրան անվստահություն հայտնելու հիմքերից մեկն էր, ինչպես հասկանալ, որ Հրաչյա Սարգսյանի դեպքում հնարավոր է կուսակցությանը չանդամակցել, քաղաքական թիմի անդամ չդառնալ, վերջինս պատասխանել է․ «Այս պահին կա ճգնաժամ, դրա լուծման համար ես իմ համաձայնությունն եմ տվել, պատասխանատվությունը վերցրել»։

Այն հարցին, որ եթե Մարությանից գոհ է, ի՞նչ խղճով է համաձայնում նրա պաշտոնը զբաղեցնել՝ Հրաչյա Սարգսյանը պատասխանել է․ «Այն խղճով, որ այն ծրագրերը, որոնք սկսել ենք 2018 թվականից, ավարտին հասցնենք»։

Երևանի ավագանու արտահերթում քննարկում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծն է։