22 դեկտեմբերի 2021 - 18:56 AMT
Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կուսակցության նախագահ Գ.Ի.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Վարույթն իրականացնող մարմինը նախօրեին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ըստ ՔԿ-ի, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 20-ին ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է չկատարված հանցագործության մասին:

Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում ՀՀ դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում ՀՀ դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ ՀՀ վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։