ՄԻՊ-ն իր ղազախ գործընկերոջ հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

ՄԻՊ-ն իր ղազախ գործընկերոջ հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանում իրադարձությունների հետ կապված հունվարի 10-ին Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։

Հունվարի 10-ի լրացուցիչ հեռախոսազրույցի ժամանակ Ղազախստանի գործընկերը նշել է, որ ղազախահայերի հետ կապված հարցերը շարունակում են լինել իր անմիջական ուշադրության ներքո, Թաթոյանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել անհրաժեշտության դեպքում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցավակցել է Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարին երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով զոհվածների համար։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---